Հայ ուղևորի պատճառով «Բելավիա» ընկերության օդանավին ստիպել են Կիև վերադառնալ՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել (տեսանյութ)
Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով բելառուսական «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրությանը:
«Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոինգ 737-800» օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ հակառակ դեպքում՝օդ կբարձրացվեն կործանիչներ։
Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։