85 կողմ, 7 դեմ և 6 ձեռնպահ. Կառավարության նոր ծրագիրն ԱԺ-ն ընդունեց
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից հրավիրված հերթական ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով ելույթ ունեցավ և ասաց. «Չեմ ցանկանում ելույթ ունենալ, քանի որ դահլիճում արդեն սկսվել է նախընտրական պայքարը»: Նա հավելեց, որ չի կասկածում նոր նախարարների պարկեշտության վրա և չի ցանկանում ժխտողական ազդակով սկսել, բայց քանի դեռ չի նկատել կոնկրետ քայլեր, ապա չի կարող աջակցել Կառավարության ծրագրին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք չենք կարող վստահություն հայտնել որևէ կառավարության, որն առաջադրվել է իշխող կուսակցության կողմից:
«Մենք մեր անվստահությունը կհայտնենք՝ կառավարության ծրագրին դեմ քվեարկելով»,- նշեց նա:
ԲՀԿ-ն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը:
Նշենք նաև, որ «Օրինաց երկիր» խմբակցությունն էլ հայտարարել էր, որ քվեարկությանը ձեռնպահ կմնա, իսկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն սատարել են կառավարության ծրագրին:
Այսպիսով՝ ԱԺ-ն հավանության արժանացրեց Կառավարության նոր ծրագիրը: Կողմ քվեարկեցին խորհրդարանի 85 պատգամավորներ, 7-ը դեմ և 6-ը ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ծրագիրն ընդունվեց: