Կադրային փոփոխություններից Կառավարությունն անցնում է ծրագրային բարեփոխումների
Գուցե կառավարության ներկայացրած ծրագիրը ոմանց դուր չի եկել, գուցե այն չի ներառում երկրում առկա լուրջ խնդիրների լուծման համար անհրաժեշտ կարճ և արագ ճանապարհներ ուրվագծող սկզբունքներ, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ նոր կառավարության ծրագրի մեջ ներառված դրույթների նույնիսկ մի մասը մոտակա 6 ամիսների ընթացքում կազմակերպված ձևով և պատասխանատվությամբ իրականացնելու պարագայում, կարճ ժամանակահատվածի համար ևս կարելի է զգալի առաջընթաց և սպասելի արդյունք գրանցել:
Ներկայացված ծրագրով, ըստ էության փորձ է արվելու առավել գործնական և պարզ քայլերի միջոցով իրականացնել տարբեր ոլորտներում տարվող բարեփոխումները: Հատկապես կարևոր է մաքսային և հարկային համակարգերում աշխատանքների կազմակերպման գործընթացում սպասվող փոփոխությունների իրականացումը, քանզի գաղտնիք չէ, որ ապրանքների ներմուծման, մաքսազերծման, ապա դրանց իրացման, արդյունքում առաջացած հարկային մասնաբաժնի առաջացման՝ թվարկված ողջ գործընթացում առկա են չարաշահումների դրսևորումներ և նաև՝ բիզնես վարող սուբյեկտների համար խոչընդոտներով լի մի մեծ ճանապարհ:
Տվյալ ոլորտները հնարավորինս կարգավորելու, պարզեցնելու, գործարարների համար հավասար բիզնես դաշտ ապահովելու և ազատ գործելու հնարավորությունն ավելի ընդլայնելու արդյունքում կավելանան պետբյուջեի ֆինանսական եկամուտները, իսկ կառավարությունը ձեռք կբերի գործարար դաշտի ներկայացուցիչների վստահությունը:
Գործադիրի հավաստմամբ՝ Օրինապահ տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Միևնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսվարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է: Պետք է տարվի մոնիթորինգ, բացահայտվեն իրավազանցները:
Պատիժը պետք է լինիս խիստ: Անշուշտ նոր կառավարությունն արտաքուստ ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ ուղղված առաջադրված խնդիրներն իրատեսական լուծումներով հաղթահարելուն, սակայն իրականում և գործնականում դա հաստատելու համար մոտ ապագայում անհրաժեշտ են լինելու նաև իրական փաստեր և արդյունքներ:
Թագուհի Դավթյան. ֆեյսբուք: