Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ
Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի հետ:
Սերժ Սրապիոնյան - Պարոն Ռեիսյան Հայաստանում տարածվում են լուրեր, որ Հալեպում խուճապ է, որ մարդիկ հավաքվել են, իրենց տեղափոխող չկա, Հայաստան բերող չկա, ի՞նչ կուտակումներ կան Հալեպում, ինչպիսին է դրությունը հիմա:
Ժիրայր Ռեիսյան - Հիմա հանդարտ է: Այս պահին մեզ մոտ խուճապ չկա:
Սերժ Սրապիոնյան - Մարդկանց կուտակումներ կա՞ն, ովքեր ուզում են գալ Հայաստան, բայց միջոցներ չկան:
Ժիրայր Ռեիսյան - Նման բան չկա, որ մարդիկ այստեղից ցանկանան Հայաստան գալ և չկարողանան: Կարող են պահեր լինել, որ հրթիռակոծումներ լինեն, կարող են վնասներ և զոհեր լինեն, սակայն խուճապային իրավիճակ, որ մարդիկ դիմեն Հայաստան գալու համար, չկա:
Սերժ Սրապիոնյան - Շա՞տ են դիմում, որ Հայաստան գան: Իրենց տեղեկացրեք, որ մենք պատրաստ ենք ընդունելու:
Ժիրայր Ռեիսյան - Եթե Հայաստան գալու դիմումներ ստանանք, դրանք կուղարկվեն Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսին և միաժամանակ ձեզ էլ տեղյակ կպահենք: Անհանգստության հարց չկա, բայց խնդրում եմ՝ այստեղ-այնտեղից լսված խոսքերին չհավատալ, այլ միայն պաշտոնական աղբյուրներից տեղեկանալ: