ԵՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի ռուսաստանյան գործունեության շոշափելի արդյունքը Հայաստանում այդպես էլ չի նկատվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության հրապարակած վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտահանման ծավալներից ընդամենը 21,4 տոկոսն է բաժին հասնում անդամ երկրների շուկաներին:
Հայաստանից արտահանվող ապրանքների մնացած 78,6 տոկոսը բաժին է հասնում, այսպես կոչված, երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներին: Փոխարենը Հայաստան ներկրվող ապրանքների մեջ ԵՏՄ երկրների արտադրանքի տեսակարար կշիռը կազմում է 31,8 տոկոս:
Իսկ, այսպես կոչված, երրորդ երկրներից ներկրվող ապրանքները մեր ընդհանուր ներմուծումներում 68,2 տոկոս են կազմում: Փաստորեն, բոլոր այն հավաստիացումները, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն իր ապրանքներն իրացնելու լայն հնարավորություն է ստանում, այդպես էլ չիրականացան, փոխարենը հակառակ երևույթը տեղի ունեցավ. Ռուսաստանից,
Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից ներմուծումները հեշտացնելով՝ Հայաստանը գնալով ողողվում է այդ երկրների, մեղմ ասած, ոչ այնքան բարձր որակ ունեցող արտադրանքներով: Իսկ ԵՏՄ վարչապետ, ՀՀ նախկին վարչապետ, հայազգի Տիգրան Սարգսյանի ռուսաստանյան գործունեության շոշափելի արդյունքը մեր երկրում այդպես էլ չի նկատվում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: