Քաղաքապետարանի տված ապօրինի շինթույլտվության հարցով Անահիտ Բախշյանը բաց նամակով դիմել է քաղաքապետին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Արշակունյաց 278 հասցեում շինարարության պատճառով բնակիչների՝ ընդհանուր կոյուղուց զրկվելուն, քաղաքապետին ուղղված բաց նամակում գրել է.
«Ենթադրում եմ, որ սա երեկ քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Հայկ Ասատրյանի զեկուցման մեջ նշված այն դեպքն է, երբ բնակիչներն ապօրինի շինարարության մասին ահազանգել են «Թեժ գիծ», բայց քաղաքապետարանից գնացած մարդիկ պարզել են, որ շինարարության տերն ունեցել է շինթույլտվություն:
Ընդհանրապես, գործակարգավարականների ժամանակ նման մանրամասնությունների մասին չեք հետաքրքրվում, չեք կանխում բնակիչների՝ «Թեժ գիծ» ահազանգից հետո նման սեփականատերերի վայրագությունները:
Սա քաղաքապետարանի տված հերթական ապօրինի շինթույլտվությունն է, որի տերը, ունենալով այդ փաստաթուղթը, իրեն իրավունք է վերապահել փակել ընդհանուր օգտագործման կոյուղին: Մի պահ Ձեզ դրեք այդ բնակիչների տեղը, նման փաստի առաջ եթե Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին կագնեցնեին, ի՞նչ կանեիք:
Վերջապես, բավակա՞ն չի՝ քաղաքի տարբեր հատվածներում քաղաքապետարանի կողմից տված շինթույլտվություններով ոչ միայն փչացնեք քաղաքի տեսքը, այլև բազմաթիվ անհարմարություններ ստեղծեք տեղի բնակիչների համար:
Խնդրում եմ պարզաբանել՝ միթե Ձեր տված շինթույլտվությամբ շինարարության սեփականատիրոջը տվել եք նման իրավունք: Ենթադրում եմ, որ՝ ոչ, ապա ի՞նչ իրավունքով է փակել ընդհանուր օգտագործման կոյուղին, ո՞վ է նրան տվել այդ իրավունքը: Ինչպե՞ս է լուծվելու Արշակունյաց 278 հասցեում ընդհանուր կոյուղու խնդիրը:
Խնդրում եմ նաև տրամադրել Արշակունյաց 278 հասցեում տրված շինթույլտվության հիմքերի, նախագծային փաստաթղթերի պատճենները»,- գրել է Անահիտ Բախշյանը: