Ինչո՞վ նշանավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1994թ. դեկտեմբերի 28-ի երեկոյան ելույթը
Ինչպես մասնակցեցի Ազգային ժողովի «գրավմանը» Մաս 3-րդ:1994թ. դեկտեմբերի 28-ի երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերով դիմեց ժողովրդին: Իր ելույթում խոսելով Դաշնակցության կողմից վերջին շրջանում կատարած բազմաթիվ հանցագործությունների մասին (սպանություններ,ահաբեկչություններ, դրանց նախապատրաստում, նարկոբիզնես և այլն), որը բացահայտվել էր «Դրո» գաղտնի կառույցի մի շարք անդամների ձերբակալության արդյունքում նա հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցնում է Դաշնակցության գործունեությունը մինչև դատարանի որոշումը: Իր ելույթին զուգընթաց ՀՀ ոստիկանությունը և ԿԳԲ-ն միաժամանակյա խուզարկություններ սկսեցին հանրապետության տարածքում Դաշնակցության բոլոր գրասենյակներում նրան պատկանող լրատվամիջոցներում, նրա ղեկավար կազմի բնակարաններում: Խուզարկությունների ընթացքում զենք, պայթուցիկ նյութեր, թմրանյութեր և խոշոր դրամական միջոցներ չհայտնաբերվեցին: Խուզարկությունը ուղեկցվում էր գրասենյակային գույքի առգրավումով և փչացումով:
Դա ամենևին էլ քրեական գործի շրջանակում իրականացվող խուզարկություն կամ միջոցառում չէր, այլ՝ հարված քաղաքական կուսակցությանը այն հույսով, որ նա երկար ժամանակ չկարողանա ոտքի կանգնել, սակայն դա առաջին հերթին հարված էր Հայաստանի քաղաքական համակարգին, քանի որ այդ համակարգը իր մեջ ներառում է նաև ընդդիմադիր կուսակցություններին: Լևոնի ելույթից տաս-տասնհինգ օր հետո, երբ անցան Ամանորի տոները, Հայաստանի դատական մարմինները «նկատեցին», որ Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի կազմում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մեկ թե երկու անձ, ինչի հիման վրա հղում անելով ՀՀ օրենքի համապատասխան կետին կասեցրեցին Դաշնակցության գործունեությունը ՀՀ-ում: Առանց մանրամասնելու «Դրո»-ի քրեական գործը, ասեմ, որ դատարանի կողմից այդպես էլ չփաստվեց նրա և Դաշնակցության կապը և փաստորեն ստացվեց, որ Դաշնակցության միակ «մեղքը» այն էր, որ նրա հայաստանյան կառույցի ղեկավար կազմի մեջ կար ՀՀ քաղաքացի չհամարվող մեկ կամ երկու անձ:
Սա միայն առիթ էր, իսկ հիմնական նպատակն էր կասեցնելու Դաշնակցության ավելի մեծ ներկայությունն ապագա խորհրդարանում, իսկ խորհրդարանական ընտրություններին մնացել էր մոտ կես տարի: Այսպիսով՝ գցվում էր 96-ի քաղաքական ճգնաժամի հիմքերը: Շարունակելի...
Ապրես Զոհրաբյան. ֆեյսբուք: