Թուրքիայի էներգետիկայի նախարարը հորդորել է փակել Մեծամորի ատոմակայանը
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն այն կարծիքին է, որ հայկական ատոմային էլեկտրակայանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, դրա համար էլ այն պետք է փակվի: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակել: Այն գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի համար: Աշխարհն ու տարածաշրջանը չի կարող երկրորդ ատոմային աղետը թույլ տալ Չեռնոբիլի վթարից հետո»,- հայտնել է թուրք նախարարը՝ ելույթ ունենալով Վիեննայում ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին:
Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանը կառուցվել է 47 տարի առաջ և ընդամենը 16 կմ-ով է հեռու Թուրքիայի սահմանից: