Թուրքական օդուժը Ռաքքայում կմասնակցի օդային հարվածներին
Թուրքիայի նախագահը հայտարարել է Ռաքքայի ռազմագործողություններին Թուրքիայի աջակցության մասին` նշելով, որ Թուրքիան ԱՄՆ-ին կօժանդակի օդային գործողությունների մասով: Այսինքն` թուրքական օդուժը կմասնակցի օդային հարվածներին:
Այստեղ առկա է լուրջ տարաձայնություն, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է ռազմագործողության ցամաքային բաղադրիչի վերաբերյալ անհամաձայնությունը: Թուրքիան գործողություններին մասնակցելու համար հանդես է գալիս նախապայմանով, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» չմասնակցեն այդ գործողություններին, փոխարենը` որպես հիմնական ցամաքային ուժ հանդես գա Սիրիական ազատ բանակը:
Ակնհայտ է, որ այդ հարցում շարունակվող անհամաձայնությունը չի հարթվել, իսկ Թուրքիան այդ պարագայում հիմնական պատասխանատվությունն է ստանձնելու:
Քրդական ուժերի չմասնակցության հարցում հնարավոր համաձայնության պարագայում, ինչը քիչ հավանական է, Թուրքիան ստիպված է լինելու ապահովելու ռազմագործողություններին ցամաքային բաղադրիչը Սիրիական ազատ բանակի հետ միասին:
Սակայն վերջինիս ռազմական հնարավորությունները խիստ հարցական են Ռաքքայի գործողության համատեքստում, ուստի Անկարան իր վրա է վերցնելու ՍԱԲ-ի ռազմական հնարավորությունները կոմպենսացնելու պատասխանատվությունը, և ցամաքային ուժեր ներգրավի ռազմական գործողություններին:
Թուրքական տարբեր շրջանակներ հարցականի տակ էին դնում նույնիսկ Ալ-Բաբի դեմ հնարավոր ռազմական գործողություններին ՍԱԲ-ի բավարար ներուժը` նշելով, որ Թուրքիան սիպված է լինելու գնալ ցամաքային ներխուժման:
Լևոն Հովսեփյան, Ֆեյսբուք: