Բացահայտվել են Հիտլերի` թմրանյութերից կախվածության մանրամասները
1940 թ-ին Գերմանիայի կողմից Ֆրանսիայի գրավումը տեղի ունեցավ թմրանյութերի պատճառով: Այս մասին «The Guardian»-ի հետ զրույցում նշել է գերմանացի գրող Նորման Օլերը` «The Total Rush» գրքի հեղինակը, ով պատմում է նացիստների, այդ թվում` Հիտլերի կողմից կոկաինի, հերոինի, մորֆինի և մետամֆետամինի մասին:
Մետամֆետամինը մշակվել է գերմանական «Temmler Werke» ընկերության դեղագործների կողմից: Այն սկսել է լայնորեն գործածվել որպես խթանիչ և այն ընդունել են տարբեր մասնագիտությունների մարդիկ` քարտուղարներից մինչև դերասաններ: Այն նաև օգտագործվել է հրուշակեղենի արտադրության մեջ: Ընկերությունը, որն արտադրել է շոկոլադ` դրանում ավելացնելով թմրանյութեր, խորհուրդ է տվել կանանց օգտագործել շոկոլադը տնային գործեր անելուց առաջ, որպեսզի դրանք անեն ամենակարճ ժամկետում:
Մետամֆետամինն ակտիվորեն օգտագործել է նաև գերմանական բանակը: Բժիշկները գտնում էին, որ այն հիանալի փրկում է հյուծումից, որից շատ էին տառապում զինվորները: Ըստ Օլերի, Ֆրանսիայի գրավման ժամանակ զինվորները ցերեկը խմում էին մեկական մետամֆետամին, իսկ գիշերները 3-4, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դարձել Ֆրանսիայի գրավումը:
Գրքի հեղինակը նշում է, որ Հիտլերը ևս օգտագործել է թմրանյութեր: Երբ նա 1941 թ-ին հիվանդ է եղել, նրա անձնական բժիշկ Թեոդոր Հիլբերտ Մորելը նրան սկսել է տալ «Eukodal» (օքսիկոդոն): Այն առաջացնում է ուժեղ էյֆորիա և ունի ցավազրկող ազդեցություն: Ավելի ուշ Հիտլերը սկսել է օքսիկոդոնը համադրել կոկաինի հետ բարձր դոզաներով, որն ի սկզբանե եղել է ականջներում ցավի համար: Իր կյանքի վերջին օրերին, ըստ Օլերի, Հիտլերը վերջնականապես թմրամոլ է դարձել: