Մեր մեջ չկան թաղային և ընկերական հարաբերություններ. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի՝ կառավարություն ձևավորելու մասին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի հրավիրված արտահերթ նիստը մեկնարկեց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով լրագրողների այն հարցին թե ինչու որոշում եղավ հուշագրով ազատել իրենց գործընկերներին պաշտոններից և մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանի պաշտոնանկությունն ինչով էր պայմանավորված, արդյոք դժգոհ էին նրա աշխատանքից, նա ասաց, որ հուշագրում նշված չէ պաշտոնների անուններ:
«Հուշագրում մենք որևէ պայմանավորվածություն չունենք: Մենք ունենք պայմանավորվածություն քանակների հետ, որ 3 դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, մենք դա պահպանում ենք և կպահպանենք: Մնացածը, թե ով և որտեղ կլինի՝ համբերե՛ք կառավարության ձևավորմանը, նախագահի հրամանագրին, որին դուք տեղյակ կլինեք: Եթե նա չբավարարեր որևէ պայմանների, բնականաբար, ընդանուր առմամբ, լրիվ այլ արձագանք կլիներ: Այսօր մենք ունենք նորանշանակ վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, գործիքներ և նպատակահարմարությունը գտնում է, թե ով և որտեղ ավելի օգտակար և պիտանի կլինի: Ինձ թվում է, որ գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին, հնարավոր է, որ նա տեղափոխվի այլ ոլորտ»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանը կատարում է այն գործողությունները, որը որդեգրել է ՀՀԿ-ն:
Այն հարցին, թե կարեն Կարապետյանը ձևավորում է թիմ՝ սեփական ընկերների շրջանակում, նա պատասխանեց. «Դա ձեր կարծիքն է: Ես ցավում եմ, որ նման օբյեկտիվ և պրոֆեսիոնալ մոտեցումը դուք մեկնաբանում եք այլ ձևով: Մեր մեջ չկան թաղային, ընկերական հարաբերություններ: Մեր մեջ կա թիմային հարաբերություններ և գաղափարներ և բոլորը մեր թիմի անդամներ են»:
Մանրամասները՝ տեսանյութում: