Ուկրաինայում բացվել է հայկական գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես
Խերսոնում օգոստոսի 31-ին Ուկրաինայի հայերի միության կազմակերպած միջոցառման շրջանակներում կազմակերպվեց նաև Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված ցուցահանդես` «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» խորագրով: Այս մասին գրում է Analitikaua.net հարթակը:
Ցուցադրության էին ներկայացված Ուկրաինայում հայկական մշակույթի և պատմության բազմադարյա վկայությունները, Լվովում հայկական տպագրության նյութերը, հայկական սրբապատկերները:
Ցուցադրությունը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի և Խերսոնի շրջանի «Ուրարտու» հայկական համայնքի համատեղ ջանքերով: Ցուցադրության բացմանը ներկա էին քաղաքի հայկական համայնքի անդամները, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:
Նշենք, որ հայկական գրատպության 400-ամյակին նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ կազմակերպվում են Ուկրաինայի տարբեր շրջաններում: