ՀՀԿ-ական պատգամավորի պատկերացումները՝ կրթական համակարգի վերաբերյալ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը խոսեց սեպտեմբերի մեկին ընդառաջ արտագաղթի և դպրոցներում ժողովրդագրության հետևանքի մասին:
Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ նոր ուսումնական տարին տոն է բոլորիս համար և այդ է պատճառը, որ մենք այսպես ազգովի փորձում ենք այդ տոնը նշել, յուրաքանչյուրս լինելով տարբեր կրթական հաստատություններում, անկախ նրանից՝ կրթական բնագավառի ներկայացուցիչ ենք, թե ոչ, փորձելով ինքներս մեկ անգամ ևս տեսնել, զգալ, թե յուրաքանչյուր տարի ինչ փոփոխությունների է ենթարկվում մեր կրթական համակարգը և դրա արդյունքում ինչ է սպասվում մեր աշակերտներին:
«Սպասելիքները վերջին շրջանում կապված «ողջուններ»-ի հետ կարծես թե իրականանում են: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է ավագ դպրոցներին, քանի որ բազմիցս խնդրահարույց է եղել այդ հարցը, հատկապես բարձր դասարաններում աշակերտների հաճախելիությունը: Հասարակության և հանրության մեջ կարծես թե այնպիսի տպավորություն է, որ ավագ դպրոցներում այս փոփոխությունները պայքար է կրկնուսույցների դեմ: Եթե մենք գնանք պայքարենք ինչ-որ բանի դեմ, ապա դա կձախողվի, այդ իսկ պատճառով, մենք պետք է գնանք հանուն ինչ-որ բանի, այսինքն` կրթությունը մոտեցնենք երեխայի կրթական կարիքներին, պահանջներին, որպեսզի նա իր կարիքների բավարարման համար չդիմի այլ միջոցների, որոնցից մեկն էլ հենց կրկնուսույցներն էին»,-ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
Նրա պնդմամբ` կրթական ծրագրերը պետք է լինեն այնքան ճկուն, այնքան կառուցողական, մանկավարժը պետք է «սովորել, սովորեցնելու» մեթոդաբանությունն օգտագործի, որպեսզի բավարարի յուրաքանչյուր երեխայի կրթական պահանջն անկախ նրա տվյալ առարկայի բաց թողած ուսումնական ծավալից:
«Աշակերտը պետք է հաճույքով հաճախի դպրոց, որպեսզի կրկնուսույցի մոտ շաբաթական երկու օր հաճախելու այդ ժամանակը փոխարինի դպրոցում 10 ժամ նույն առարկան ուսումնասիրելու ժամաքանակով: Սա լավ հնարավորություն է»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Այսպես է տեսնում ՀՀԿ-ական պատգամավորը կրթական կարիքը բավարարելու նպատակը և այս ամենը անկախ երեխայի ընդունակություններից:
Բանախոսը նշեց նաև, որ մեծ հույսեր ունի և կարծում է, որ ճիշտ հենքի վրա են դրված խնդիրների լուծումները և դրանցից բխող ընթացակարգերը, կարգերը կլինեն շատ հստակ մշակված և չեն տանի այլ ուղղությամբ: