Օլանդն ու Պուտինը կքննարկեն Սիրիայի հարցը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորում է անհապաղ Սիրիայում խաղաղության հասնել և հայտնել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի խնդրի կարգավորման հարցը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ֆրանսիան հորդորում է անհապաղ խաղաղության հասնել Սիրիայում»,- հայտնել է Օլանդը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի ԱԳՆ-ի ամենամյա կոնֆերանսին:
Օլանդի խոսքով՝ կոնֆլիկտի ընթացքում սիրիական իշխանությունները մեկ անգամ չէ, որ օգտագործել են քիմիական զենք և պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:
Նախագահը նշել է, որ երկու տարվա ընթացքում Ռուսաստանն է ակտիվ աջակցություն ցուցաբերում Ասադի ռեժիմին, իսկ այժմ Թուրքիան սկսել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնել՝ հաճախ բախվելով քրդերին, ինչը կարող է բերել իրավիճակի կտրուկ վատթարացմանը: