Մեր հանրային գիտակցության գլխավոր խնդիրը
Մեր հանրային գիտակցության խնդիրներից մեկն այն է, որ դրանում հանգրվանել և արմատավորվել են որոշ բառակապակցություններ, քարացած արտահայտություններ, որոնք շատերն օգտագործում են՝ առանց անգամ փորձելու պատկերացնել, թե ինչ են դրանք նշանակում:
Մեկը, օրինակ՝ «երկիրը դատարկվում է» արտահայտությունն է: Այն լսելիս միշտ ուզում եմ պատկերացնել «դատարկ երկիր», ու չի ստացվում: «Թոշակառուների երկիր»-ը հասկանալի է, «օլիգարխների երկիր»-ը հասկանալի է, «դատարկ երկիր»-ը հասկանալի չէ:
Թե՞ ով վերջում մնա՝ մարդ չի:
Մյուս միտքը, որ հաճախ հայտնում են, այն է, թե «պետք է փոխվի մարդկանց գիտակցությունը»: Ուրեմն, մարդկանց գիտակցությունը չի փոխվում, որովհետև այն մի հատ է ու փոխվելու տեղ չունի: Այն, երևի, ընդլայնվում է, բայց դա արդեն կապված է կրթության, անձնական կենսափորձի և աշխարհայացքի հետ, ոչ թե հայրենասիրության, իշխանություններին չսիրելու և այլն:
Երկրորդ. փոխվում է ոչ թե գիտակցությունը, այլ այն իմաստները և արժեքները, որոնցով մարդիկ ապրում են և գնահատում իրենց կյանքը:
Երրորդ. այսպես կոչված «փոխված» գիտակցությունն արտացոլվելու այլ տեղ չունի, բացի գրքերը և առհասարակ տեքստերը: Դրա համար էլ աշխարհի լավագույն ուղեղները գրքեր են գրում, ոչ թե քաղաքականությամբ զբաղվում և հեղաշրջում անում: Մարդու, երկրի, հասարակության և դրանում քո դերի մասին պատկերացումների փոփոխության համար պետք է շատ գիրք կարդալ և ավելի շատ մտածել կարդացածի մասին, ինչը մեզանից շատ քչերն են անում:
Կամ, երբ խոսում են «պետականության կորստի» մասին: «Պետականություն» բառը «պետության» հոմանիշն է, եթե հետաքրքիր է, իհարկե:
Ընդ որում, պետությունը կորցնելու վտանգի մասին առավել շատ խոսում են նրանք, ովքեր հենց պատասխանատու են դրա պահպանման համար:
Չի կարելի առանց մտածելու խոսել, հատկապես, եթե քեզ լսող կա: Մեր մտքերը մեր իրականությունն են, խոսքերը՝ արդեն բոլորիս: Շատերը, խոսելով, մեղմ ասած, անորոշություն են մտցնում առանց այդ էլ որոշակիությունից դարերով հեռու մեր հանրային իրականության մեջ:
Մովսես Դեմիրճյան. ֆեյսբուք: