ԱՄՆ-ն կօգնի ԼՂ-ում խաղաղություն հաստատել, եթե կողմերը դա ցանկանան. Պետքարտուղարության պաշտոնյա
ԱՄՆ-ի պետքարտուղարության պատժամիջոցների համակարգող Դենիել Ֆրիդը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձել է արդար հանգուցալուծում կնքել Ղարաբաղում՝ աշխատելով Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակներում։
«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձել է արդար հանգուցալուծում կնքել Ղարաբաղում՝ աշխատելով Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակում: Ես անձամբ, լինելով պետքարտուղարի օգնականի պաշտոնում, փորձել եմ դա անել: Այլ մարդիկ փորձել են հասնել դրան ինձնից առաջ և փորձում են ինձնից հետո: Չի ստացվում»,- նշել է նա:
Ըստ Ֆրիդի, այնտեղի կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում և դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում: «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ԼՂ խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով: Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան: