Փոխզիջում կլինի, բայց միայն Ադրբեջանի կողմից
Փոխզիջում լինել չի կարող, զիջում է հարկավոր, բայց Ադրբեջանի կողմից:
Ինչ որ պետություն չի կարող զիջումներ պահանջել մի երկրից, որի հողերի վրա ապօրինաբար կազմավորել է իր հիմքերը: Տարիներ շարունակ Ադրբեջանն իր ողջ դիվանագիտական կազմն ու նավթային ռեզերվը գործի դնելով, փորձում է աշխարհին ապացուցել, որ Արցախը վաղնջական ժամանակներից Ադրբեջանի մաս է կազմել: Բայց Ադրբեջանի բռնապետը Հայաստանից ինչ որ բան պահանջելուց առաջ մոռանում է, որ «վաղնջական» բառն Ադրբեջան անվան հետ անհամատեղելի է:
Ի՞նչ խոսք, Ալիևը սուր աչք ունի և կարողանում է հայացքը սևեռել մինչև անգամ «Էրիվանի խանություն», բայց ու՞ր է հայկական կողմի համարժեք պատասխանը: Վերջին քսան տարում հայկական կողմը անընդհատ դոփում է նույն տեղում, մոռանալով, որ միջազգային հարթության վրա կարելի է, անգամ պարտադիր է բարձրաձայնել օկուպացված Արծվաշենի, Նախիջևանի, և ընդհանրապես, Դաշտային կամ Հյուսիսային Արցախի մասին:
Բայց մեր կողմից ակնարկ անգամ չկա այդ մասին, քար լռություն է: Ադրբեջանը հաճախ է խոսում «իր» Գյոկչայի (Սևանա լճի) մասին, որն իրականում երբեք էլ իրեն չի պատկանել, բայց Հայաստանը մոռանում է խոսել Կասպից ծովի հայկական ափի մասին, որը պատմականորեն մեզ է պատկանում:
Գևորգ Գյուլումյան. ֆեյսբուք: