Սեպտեմբերի 18-ին ընտրություններ են նշանակված թվով 317 համայնքներում
2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:
2016 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով: Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են: