Վահան Ավետիսյանը՝ սեպտեմբեր 1-ից ԱՊՊԱ ոլորտում ծրագրված փոփոխությունների մասին (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր` օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը խոսեց ԱՊՊԱ ոլորտում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվող փոփոխությունների մասին:
Վահան Ավետիսյանը ներկայացրեց 2016 թվականի համար ԱՊՊԱ ոլորտում ծրագրված փոփոխությունները, որոնք կներդրվեն սեպտեմբեր 1-ից: Փոփոխությունները հետևյալն են.
1. ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը 50 000 դրամից բարձրացվել է մինչև 100 000 դրամի:
«Եթե հիշում եք, մենք մարտ ամսին ներդրեցինք վարորդների պատահարների ինքնուրույն գրանցման այս համակարգը և որոշակի փորձարկումների արդյունքում, մենք եկանք այս եզրահանգման, որ վնասի շեմը կարող ենք բարձրացնել և անցում կատարել առավել մեծ վնասի շեմով պատահարների գրանցմանը: Համապատասխանաբար, սեպտեմբերի 1-ից վարորդները, եթե ունեն համաձայնություն պատահարում մեղավորության վերաբերյալ և տուժողի վնասի չափը չի գերազանցում 100 000 դրամը, ապա նման պատահարները վարորդները կարող են գրանցել ինքնուրույն: Ես ուզում եմ հիշեցնել, որ սա ընդամենը հնարավորություն է և ոչ թե պարտավորություն: Վարորդները կարող են օգտվել այս հնարավորությունից, եթե իրենք ուզում են պատահարները գրանցել ինքնուրույն: Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ համաձայնեցված հայտարարագիրը բավականին պարզ փաստաթուղթ է: Այն հնարավոր է կազմել և պատահարի վայրից մեքենան շարժել 5-7 րոպեի ընթացքում»,-ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:
Վահան Ավետիսյանը ներկայացրեց վիճակագրությունը` 2016 թվականի մարտից ներդրված այս համակարգի արդյունքում:
«Մարտ ամսին մենք ունեցանք մոտավորապես 230 պատահար, որոնք վարորդները գրանցեցին ինքնուրույն, որոնցով վճարվեց շուրջ 10 միլիոն դրամ ապահովագրական հատուցում: Հուլիս ամսվա տվյալներով` մենք ունենք շուրջ 430 ինքնուրույն գրանցված պատահար, որի արդյունքում վճարվել է շուրջ 17 միլիոն դրամ հատուցում: 100 000 ներդրման պարագայում մենք ակնկալում ենք, որ պատահարների մոտավորապես նպատակային շեմը, որ վարորդները կգրանցեն ինքնուրույն այս պարզեցված եղանակով՝ կլինի 1200-ից 1500 քանակի շրջանակներում: 3-7 օրվա ընթացքում տուժող սեփականատերը կարողանում է հատուցում ստանալ ապահովագրական ընկերությունից»,- նշեց նա:
2. Համաձայնեցված հայտարարագրի ներքո չընկնող գույքային վնասներով մնացած բոլոր պատահարները սեպտեմբերի 1-ից կգրանցվեն միայն ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից:
«Արդյունքում մենք ունենում ենք պատահարների պարզեցված համակարգ՝ վարորդները կա՛մ գրանցում են պատահարները ինքնուրույն, կա՛մ պատահարները գրանցվում են միայն Ճանապարհային ոստիկանության կողմից»,- հավելեց Վահան Ավետիսյանը:
3. Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ համակարգը անցնում է Ապահովադիրների, այսինքն՝ ավտոմեքենաների սեփականատերերի վրա հիմնված բոնուս-մալուս համակարգին:
«Սա նշանակում է, որ այլևս ավտոմեքենաների ԱՊՊԱ պայմանագրերում վարորդներ նշելու անհրաժեշտություն չկա: Այսինքն, մեքենաները կհամարվեն ապահովագրված վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձին ավտոմեքենան վարման հանձնելու համար և առանց լրացուցիչ ապահովագրավճար վճարելու»,- ասաց Վահան Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ստորև կարող եք ծանոթանալ համաձայնեցված հայտարարագրի նմուշին, բազային ապահովագրավճարի չափը ըստ տրանսպորտային միջոցի տեսակի և ապահովադիրների բոնուս-մալուս դասերն ըստ ապահովագրավճարի նկատմամբ կիրառվող տոկոսների աղյուսակներին: