Քննությունն այդպես էլ պատշաճ տեղի չունեցավ. փաստաբանը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի մասին (տեսանյութ)
Այսօր` օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը խոսեց Վալերի Պերմյակովի դատավարության ողջ ընթացքի, դատավճռի, ինչպես նաև վերջինիս ցմահ ազատազրկման մասին:
Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ պատասխանատվության ենթարկվեց և պատիժ կիրառվեց հանցագործություն կատարած անձի նկատմամբ, սակայն, այստեղ խնդիրը ոչ միայն Վալերի Պերմյակովի նկատմամբ պատժի տեսակը սահմանելն էր, այլ նաև բացահայտել բոլոր այն անձանց, որոնց գործողությամբ, անգործությամբ տեղի ունեցավ նմանատիպ հանցագործություն:
«Այո՛, աստեղ խնդիր կար, որ ռուսական կողմից քննություն պետք է կատարվեր պատշաճ կարգով: Կարծում եմ, որ այդ քննությունն այդպես էլ պատշաճ տեղի չունեցավ: Այսինքն՝ կային մարդիկ, ովքեր իսկապես պատասխանատու էին այդ հարցում, թե ինչպես ի վերջո Պերմյակովն ունենալով առողջական խնդիրներ, կան ապացույցներ, նույնիսկ կա փաստ, որ նա Ռուսաստանում մոտ 10 անգամ դասալքություն է թույլ տվել, կա համապատասխան եզրակացություն, որ արգելված է նրան զենք կրել, բայց այնուամենայնիվ, վերջինս ուղարկում են ՀՀ և նա կրում է զենք, տեղի է ունենում դասալքություն: Նրանք տեղեկացված են լինում դրա մասին, բայց հայկական կողմին ուշ են տեղեկացնում և այլն: Այսինքն, այդ փաստերի մասով ոչ միայն Պերմյակովը պետք է պատասխանատվություն կրի, այլ նաև պետք է առանձին հետաքննություն կատարվի կոնկրետ այդ մասով»,-ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Անդրադառնալով քաղաքացիական հայցին, փաստաբանը նշեց. «Մեր քաղաքացիական հայցը, որ մենք ներկայացրինք, հենց հիմքում դրված է այդ փաստը: Ի՞նչ տեղի ունեցավ, դատարանն ի սկզբանե վարույթ ընդունեց քաղաքացիական հայցը, ճանաչեց տուժողներին և իրավահաջորդներին քաղաքացիական հայցվոր, ՌԴ-ին քաղաքացիական պատասխանող, հետաձգեց նաև դատական նիստը մեկ ամսվա ժամկետով, որպեսզի թարգմանի և ուղարկի ՌԴ, և որ ՌԴ-ն էլ քաղաքացիական հայցի մասով դիրքորոշում արտահայտի, սակայն, մեկ ամիս հետո, դատական նիստի ընթացքում, որոշում կայացվեց, որ այդ հարցադրումը հրաժարվում է վարույթ ընդունել»:
Իրավաբանի պնդմամբ՝ նմանատիպ դիրքորոշումն իրավական դաշտում գոյություն ունենալ չի կարող, այսինքն՝ այդպիսի ընթացակարգ օրենսդրության մեջ նախատեսված չէ, որ դատարանը սկզբից վարույթ ընդունի և հետագայում հրաժարվի:
«Մեր կողմից այս պահին ներկայացվել է վճռաբեկ բողոք և սպասում ենք Վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը»,- նշեց Արամազդ Կիվիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: