Երբ լրագրողները բարձրաձայնում են բռնությունների մասին, ապա մեզ միայն օգտակար են լինում. Աշոտ Ահարոնյան (տեսանյութ)
«Ազատության» հրապարակում այսօր տեղի ունեցավ լրագրողների բողոքի ակցիան՝ հանուն խոսքի ազատության: Մասնակցում էին հայաստանյան մեդիադաշտի մեկ տասնակից ավել լրատվական կայքերի խմբագիրներ և լրագրողներ:
«Ազատության» հրապարակում էր նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով լրագրողների հետ զրուցեց բողքի ակցիայի սկզբում և վերջում:
Լրագրողների այն հարցին, թե խոսքի ազատության չափանիշներով Հայաստանը որ տեղում է գտնվում, Աշոտ Ահարոնյանը նշեց, որ հստակ չի կարող ասել, սակայն լավ վիճակում ենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը Հայաստանում մի հոդված հրապարակի և հետապնդումների ենթարկվի: Առհասարակ, իրավապահ մարմինների գործողությունները կարող են լինել իրավաչափ և ոչ իրավաչափ: Հայաստանում ոչ ոք, որևէ հրապարակման համար բռնության չի ենթարկվել: Ցանկացած լրագրող, թեժ կետում հայտնվելով գիտի, որ ինքը մեծ ռիսկի է գնում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը և հավելեց, որ ոստիկանը պարտավոր է չխոչընդոտել լրագրողի աշխատանքին, իսկ լրագրողն էլ իր հերթին պարտավոր է չխանգարել ոստիկանին՝ իր գործառույթներն իրականացնելու հարցում:
«Երբ լրագրողները բարձրաձայնում են բռնությունների մասին, ապա մեզ միայն օգտակար են լինում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը: