ԱՎԾ բաժնի պետը ներկայացրել է ծնելիության, մահացության, ամուսնության և ամուսնալուծության՝ 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալները (տեսանյութ)
Այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների ամփոփումը և բնական շարժի ցուցանիշների (ծնելիություն, մահացություն և ամուսնություն, ամուսնալուծություն) հարաբերակցությունը:
Բանախոսը սկզբում անդրադարձավ, թե ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել մշտական բնակչության թվաքանակի հատվածով: «Մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 2995100 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 0,3%-ով կամ շուրջ 10400 մարդ, իսկ հունվարի 1-ի համեմատ՝ նվազումը կազմել է 3500 մարդ: Այս գումարի համեմատությամբ ցուցանիշների նավազում արձանագրվել է միգրացիայի գնահատված ցուցանիշի հետ կապված, որը կազմել է -7600 մարդ՝ բնական հավելաճին գերազանցող հատվածով, որի ցուցանիշը եղել է 4100 մարդ: Կենսունակության գործակիցը 2016 թվականի առաջին կիսամյակին՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունն է, որը կազմել է 128,9%»,- տեղեկացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Անդրադառնալով բացարձակ ցուցանիշներին՝ Կարինե Կույումջյանն ասաց. «Ծնողների թվաքանակը 2016 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին, կազմել է 18439 կենդանի նորածնի ծնունդ, որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,2%-ով: 2016 թվականի առաջին կիսամյակում մահվան դեպքերը կազմել են 14306, որը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2,6%-ով: Այս 2 ցուցանիշների հաշվին արձանագրվել է 4133 բնական հավելաճի ցուցանիշ և նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 3,7%-ով»:
Խոսելով ամուսնությունների մասին նա նշեց. «Ամուսնության դեպքերը կազմել են 7739: Արձանագրվել է նվազում ամուսնության դեպքերում՝ շուրջ 9,8%-ով և նվազել է նաև ամուսնալուծության դեպքերը, որը կազմել է 1753 ամուսնալուծության դեպք, իսկ նվազումը եղել է 7,7%-ով: Եթե հարաբերական ցուցանիշներով ներկայացնենք, որպեսզի կարողանանք համեմատել նաև մարզերի կտրվածքով, ապա ծնելիության ընդհանուր գործակիցը կազմել է 12,3 պրոմի, նվզումը՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 0,78 պրոմիլային կետ: Մահացության ընդհանուր գործակիցը կազմել է 9,6 պրոմի և նվազել 0,78 պրոմիլային կետ՝ 2015 թվականի նույն ցուցանիշի համեմատ, իսկ բնական հավելաճի գործակիցը պահպանվել է նույն մակարդակի վրա՝ կազմել է 2,7% պրոմի: Սա ծնելիության և մահացության գործակիցների տարբերությունն է: Այսինքն՝ 2015 թվականի համեմատ բնական հավելաճի մակարդակը նույնն է պահպանվել, թեև, մենք ունենք բացարձակ ցուցանիշի աճ, սակայն մակարդակը մնացել է նույն սանդղակի վրա»: