Չի՛ կարելի սիրողական մակարդակով խոսել տնտեսության, քաղաքականության և ռազմագիտության մասին. Սենոր Հասրաթյան
ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդիկ, որ անընդհատ խոսում են ժողովրդի անունից, և կարծես, ընտրել են «պերմանենտ» հեղափոխությունների կամ ապստամբությունների միջոցով երկիրը զարգացնելու և կատարյալ դարձնելու մարտավարությունը, դատապատված են, լավագույն դեպքում՝ հիասթափության, վատագույն դեպքում՝ ինքնաոչնչացման: Չի՛ կարելի խոսել ամեն ինչից (տնտեսություն, քաղաքականություն, ռազմագիտություն և այլն), անտեղյակ կամ սիրողական մակարդակով տեղյակ լինելով այդ ամենից: Մենք շարունակ փորձում ենք մեր անտեղյակությունը շղարշել ժողովրդահաճո կոչերով և հասարակությանը տանել ցնցումների՝ պատկերացում չունենալով հետևանքների մասին: Այնինչ, հեղափոխությունների (ապստամբությունների) հետևանքն անորոշությունն է, կամ էլ, ինչպես 1917-ին էր՝ նավաստին՝ մշակույթի նախարար: Իհարկե, կարելի է օրինակներ բերել նաև մերօրյա հեղափոխություններից, բայց դա չէ ասելիքս: Ասելիքս հետևյալն է. խնդիրը ոչ թե հեղափոխությունների մեջ է, այլև՝ մեր յուրաքանչյուրիս գիտակցականության: Իսկ գիտակցականությունը նախևառաջ բարոյական կատեգորիա է, որն ըստ դասականների ենթադրում է «բանիմացորեն որոշումներ կայացնելու ունակություն»: Սա հատկանիշ է, որն անհրաժեշտաբար պետք է ունենա յուրաքանչյուր հայ՝ անկախ գրաված դիրքից, ապրելու վայրից կամ այլ հանգամանքներից»: