Արթո՛ւր, դո՛ւրս արի, ես քեզ խնդրում եմ որպես մայր, կին, հայուհի. Թամար Հովհաննիսյանի խնդրանքը՝ Արթուր Մեսչյանին
Դերասան Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հղված ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանին:
«Սիրելի՛ Արթուր, դու գիտես, որքան եմ քեզ սիրում ու գնահատում: Գիտեմ, հոծ բազմությանը սիրում ես ուղղել խոսքդ մեծ բեմերից, քո սքանչելի խիզախ, խելացի երգով: Սա ուրիշ վիճակ է, Արթո՛ւր: Արի՛, էս տղաները հավերժ չեն կարող մնալ այնտեղ, իսկ եթե Աստված չանի հայտնվեն բանտում, ապա ամեն ինչ վերջացած է: Բելը վերջնականապես կհաղթի Հայկին: Մենք գրեթե տարեկիցներ ենք: Նույնիսկ դու մեծ ես ինձնից՝ ամեն իմաստով: Բայց ես քեզ խնդրում եմ, որպես մայր, կին, հայուհի: Երևա՛: Դո՛ւրս արի: Գիտեմ, որ ազգիդ հետ ես: Բայց ուզում եմ քեզ տեսնել ռեալ, շոշափելի, իմ կողքին: Այս պահը կորցնելով, կորցնում ենք ամեն ինչ: Մտի՛ր իմ ֆեյսբուքի էջը, մի քանի բան կկարդաս ու ինձ ավելի լավ կհասկանաս: Սիրում ու գրկում եմ քեզ: Նամակս՝ Արթուր Մեսչյանի երկրպագուների էջին, որ դեռ սպասում է հաստատման, հետո կամ կերևա, կամ էլ... չգիտեմ»: