Քլինթոնն ԱՄՆ-ի ամենապատրաստված նախագահի թեկնածուն է. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ ամենապատրաստված նախագահի թեկնածուն է:
Ըստ նրա, դժվար է գտնել մեկին, բացի Քլինթոնից, ով այդքան բան գիտի երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մասին և ում «առաջ է տանում այն ամենն, ինչն օգտակար կլինի Ամերիկային»:
Օբաման հավելել է, որ Քլինթոնը հասկանում է ժամանակակից ժողովրդավարությունը, որտեղ «իրադարձությունները ոչ միշտ են այնքան արագ տեղի ունենում, ինչքան որ մենք կցանկանայինք»:
«Նա ոչ միշտ է փորձում տպավորություն գործել: Կան նաև նրանք, ովքեր ավելի լավ են ճառեր արտասանում: Բայց նա գիտի իր գործը, ինչն էլ ամենաշատն է անհրաժեշտ Սպիտակ տանը լավ աշխատելու համար»,- ընդգծել է նախագահ Օբաման:
Օբաման Քլինթոնին պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել հուլիսի սկզբներին: