Ճապոնիայում օրինականացրել են մուսուլմանների հանդեպ հսկողությունը
Ճապոնիայի գերագույն դատարանը հավանություն է տվել ստորին ատյանի որոշմանը, որով օրինական է ճանաչել ոստիկանական հսկողությունը երկրի մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «The Independent»-ը:
Հաղորդվում է, որ 2010 թ-ին տեղի է ունեցել 114 ոստիկանական փաստաթղթի արտահոսք, որոնցում պարունակվում էր մուսուլմանների նկատմամբ հսկողության մասին տեղեկատվություն: Ինչպես պարզվել է, հսկողությունն իրականացվել էր Տոկիոյում գտնվող աղոթատներում, մուսուլմանական ռեստորաններում և իսլամական կազմակերպությունների գրասենյակներում
Դրանից հետո Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից Ճապոնիա եկած 17 մուսուլմանների մի խումբ դատի էր տվել ճապոնական կառավարությանը սահմանադրական իրավունքի խախտման համար:
Արդյունքում հայցվորները ստացել են 880 հազար դոլարի չափով դրամական փոխհատուցում իրենց մասնավոր կյանք ներխուժելու համար, սակայն դատարանը համարել է, որ ոստիկանության գործողությունները «անհրաժեշտ և անխուսափելի են» միջազգային ահաբեկչությունից պաշտպանվելու համար: