Հակառակորդը կրակ է բացել Թալիշի դաշտերում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արտակ Բեգլարյան
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«
Մի քանի օր է, ինչ մերոնք սկսել են հնձել Թալիշի դաշտերը, սակայն հարևանները կրկին չեն պահում պայմանավորվածությունները ու խանգարում են մեր գյուղատնտեսական աշխատանքներին՝ կրակելով դաշտում աշխատողների ուղղությամբ: Ահա ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունը.
«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:
Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն»»: