ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ստում է
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ»:
Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Ժողովուրդ» թերթն ու հավելում, որ նրա բերած հիմնական փաստարկներն այն են, որ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական պայմաններում, միևնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու:
«Որովհետև այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը և մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»,- ասել է Գաբրիելյանը:
Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, ՀՀ իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ քայլը մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու: Այն ժամանակ, թերևս, նույն Վաչե Գաբրիելյանը դիտմամբ կամ պատահմամբ մոռացել էր էներգակիրների գների նվազման և դրա արդյունքում Ռուսաստանի բնակչության եկամուտների նվազման մասին: Բայց անգամ այս պայմաններում գործող իշխանությունները փորձում են արդարանալ, թե իբր, միևնույն է, միանայինք-չմիանայինք, վիճակը վատ էր լինելու:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: