Շոտլանդիայի վարչապետը ԵՄ-ում մնալու ուղիներ է փնտրում
Շոտլանդիան մտադիր է մնալ Եվրամիության կազմում: Այս մասին այսօր հայտարարել է Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը, ով ժամանել էր Բրյուսել ԵՄ-ի ղեկավարության հետ մի շարք հանդիպումներ ունենալու համար: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Առաջին բանակցությունները նա անց է կացրել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Բանակցություններից հետո Նիկոլ Սթերջենն ասել է.
«Մենք գտնվում ենք գործընթացի վաղ փուլում: Ես միանշանակ ներկայացրի Շոտլանդիայի ցանկությունը` պահպանելու կապերը Եվրոպական Միության հետ: Ես չեմ թերագնահատում այն խնդիրները, որոնց մենք կբախվենք այդ նպատակին հասնելիս: Սա Բրյուսելում մի ամբողջ շարք բանակցությունների առաջին հանդիպումն էր: Այնպես որ, մարդիկ հասկանում են, որ Շոտլանդիան, ի տարբերություն Միացյալ Թագավորության մյուս մասերի, չի ցանկանում լքել Եվրոպական Միությունը»:
Մարտին Շուլցը չի մեկնաբանել բանակցությունները և միայն պատասխանել է, որ «լսել է և հաշվի կառնի»:
Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հրաժարվել է հանդիպել Սթերջենի հետ` բացատրելով դա նրանով, որ հիմա հարմար ժամանակ չէ դրա համար:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպումը նախատեսվում է երեկոյան: