ԼՂ հիմնախնդրի կարգավորումը զգալիորեն կնպաստի տնտեսության զարգացմանը. Բրիջիթ Բրինք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները:
Նշելով, որ նա թեև Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցերի վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով, տիկին Բրինքը համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը զգալիորեն կնպաստեն տնտեսության զարգացմանը և տարածաշրջանի բարօրությանը:
Այդ համատեքստում նա ՀՀ նախագահից հետաքրքրվել է վերջերս Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքներով և հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի հեռանկարի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետով: Հանրապետության նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները: