«Brexit»-ից հետո ՆԱՏՕ-ն ավելի կարևոր դարձավ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է դաշինքի մեծացող կարևորության մասին որպես Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և դաշինքի անդամ երկրների միջև համագործակցության համար հարթակ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Reuters»-ին:
«Ես կարծում եմ, որ այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ Եվրամիության կազմից, ՆԱՏՕ-ն ավելի կարևոր դարձավ որպես Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համագործակցության համար հարթակ»,- հայտնել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի և ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ ունեցած հանդիպումից հետո:
Քերրին իր հերթին նշել է, որ հանրաքվեի քվեարկության արդյունքները չեն ազդում դաշինքի գագաթաժողովի անցկացման վրա, որը տեղի կունենա հուլիսի 8-9-ին Վարշավայում: «Մենք մեծ սպասումներ ունենք ՆԱՏՕ-ի հանդիպումից: Դրա արդյունքները ոչ մի կերպ չեն փոխվի տեղի ունեցած քվեարկության արդյունքների պատճառով»,- նշել է նա: