Աստղերը՝ «Դորիանս»-ի ելույթի և եվրատեսիլյան իրենց ֆավորիտների մասին
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց հայ հայտնիների հետ Եվրատեսիլ-2013-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի ելույթի, խմբի հնարավոր զբաղեցրած հորիզոնականի և իրենց ֆավորիտների մասին.
Հայկո-Ես «Դորիանս» խմբին և Գոռին շատ հավանում եմ, նա ինձ համար բավականին ուժեղ վոկալիստ է, երեկվա ելույթն էլ, ինչպես և սպասում էինք, շատ լավն էր:
Ուղղակի Եվրատեսիլն այնպիսի մրցույթ է, որ չկա այնպիսի մի նիշ, որից դու եթե անցնես, ուրեմն կհաղթես: Այսինքն՝ երգը ներկայացնելուց հետո նստում ես կանաչ դահլիճում և սպասում, թե ինչպիսի հաղորդագրություններ կլինեն, և ինչպիսին կլինի ժյուրիի կարծիքը:
Ինչևէ, իրենք որ տեղն էլ զբաղեցնեն, ամեն դեպքում մեր սերն իրենց նկատմամբ չի փոխվի:
Հորիզոնականի հետ կապված չեմ կարող ոչինչ ասել, որովհետև ինչպես ցույց են տալիս տարիների տվյալները՝ այն երգիչները, որոնք ֆավորիտ են համարվում, նույնիսկ տասնյակ էլ չեն մտնում, իսկ հաղթող են դառնում ոչնչով չնկատվողները:
Շատ հավանել եմ Շվեդիայի երգը, Հունաստանը, որն իսկապես «Եվրատեսիլի» ֆորմատի մեջ էր. հումորային երգ էր:
Շուշան Պետրոսյան- Ես Գոռի ելույթը միշտ եմ հավանել, դա ինձ համար նորություն չէր, «Եվրատեսիլը» երբեք էլ ինձ համար չափանիշ չի եղել, և ես դա ամեն տարի համառորեն կրկնում եմ:
Իսկապես շատ բարձր կլասս էր «Եվրատեսիլի» համար, իրենք լավագույնն էին, ես այնտեղ գրեթե նման ելույթ չտեսա, և դա ոչ նրա համար, որ ես հայ եմ, պարզապես հիանալի ելույթ էր, ցանկանում եմ, որ վաղն էլ նմանատիպ ելույթ լինի:
Տեղ զբաղեցնելը շատ հարաբերական երևույթ է, ուստի պետք չէ ուշադրություն դարձնել դրան, բոլորս էլ ուզում ենք, որ լավագույն տեղը զբաղեցնենք, ես կուզեի, որ կամ առաջինը լինեինք կամ էլ երկրորդը, բայց քանի որ առաջինը ռեալ չէ, ուստի երկրորդ և երրորդ տեղերը հրաշալի կլինեին:
Հրաչ Քեշիշյան-Գերազանց ելույթ էր, շատ արժանապատվորեն ներկայացրին մեր երկիրը, ամեն ինչ շատ գեղեցիկ էր և մեր պատիվը բարձր պահող:
Բնականաբար առաջին հորիզոնականն ենք զբաղեցնելու: Կարծում եմ, որ այսպիսի արտիստների և կատարման դեպքում հաղթանակի շանսեր ունենք:
Իմ ֆավորիտը Գոռն է և միայն Գոռը:
Լուսինե Բադալյան -Ելույթը շատ լավն էր, հաշվի առնելով տարիներ շարունակ իմ նվիրվածությունը այդ խմբին, համարում եմ, որ ես էլ իմ լուման ունեմ այնտեղ, կասկածներ էլ չունեի, որ ելույթը գերազանց կլինի:
Հորիզոնականի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցույթը շատ անկանխատեսելի է և իսկապես շատ ուժեղ թիմեր կան, կցանականամ՝ որքան հնարավոր է բարձր հորիզոնականում տեսնեմ, հուսով եմ՝ տասնյակում կլինենք:
Ինձ համար արդեն ձևավորված թիմ կա լավագույն տասնյակում՝ Դանիան, Ուկրաինան, Հունաստանը, Ադրբեջանը. վստահ եմ, որ տասնյակում լինելու են այս պետությունները, անձամբ շատ-շատ հավանել եմ Ֆրանսիայի կատարումը, Ֆրանսիայի և Ուկրաինայի երկրպագուն եմ և վստահ եմ, որ մենք լինելու ենք տասնյակում:
Վարշամ Գևորգյան- Ամեն ինչ շատ լավ էր, արտիստների ճիշտ ընտրություն էր եղել, Գոռն էլ կարողացավ ճիշտ և լավ երգել: «Դորիանսի» լավագույն գիծն այն է, որ ինչ-որ նորարարական բաներ չկան. ամեն ինչ շատ պարզ է, պրոֆեսիոնալ խումբ է, որոնք հիանալի ներկայացնում են երկիրը:
Չգիտեմ՝ որ տեղը կզբաղեցնենք, բայց կարծում եմ, որևէ լավ տեղ կլինի:
Լավ ելույթներ կային, բայց երկրները չեմ կարող նշել, քանի որ առանձին կիսաեզրափակիչը չեմ նայել. հյուրախաղերի էի:
Հռիփսիմե Հակոբյան-Ելույթը շատ լավն էր, ինչ ակնկալիքներ, որ ունեի մինչ ելույթը, այդպես էլ եղավ:
Չեմ կարող կանխատեսել, թե որ հորիզոնականը կզբաղեցնենք, ավելի լավ է սպասենք, թե մայիսի 18-ին ինչպես կներկայանա, հաջողություն եմ մաղթում իրեն. ուղղակի միասնական է պետք լինել և մեր էներգիան փոխանցել իրեն:
Ինձ համար ֆավորիտներ որպես այդպիսին չկան այնտեղ. ժամանակի սղության պատճառով այդքան խորը չեմ ուսումնասիրել:
Մարտին Վարդազարյան-Ելույթը շատ լավն էր. երգն իսկապես ժանրային ճշտության մեջ է, ժանրին համապատասխան ոճական զգացողությունը, վոկալի և ներքին լարվածության առկայությունը կա, ձայնային տվյալներով գրավիչ է:
Անկախ նրանից, թե որ տեղը կզբաղեցնենք՝ ես կարծում եմ, որ նա իր ճանապարհն ունի անցնելու հաջողությամբ:
Ես «Եվրատեսիլին» այդքան ուշադրություն չեմ դարձնում: Ուղղակի համարում եմ, որ սա ևս մի բեմ է, որտեղ կարելի է ներկայացել երկիրը, իսկ արդյունքները միշտ չէ, որ արդարացի են լինում. Որ տեղն էլ, որ Գոռը գրավի, ինձ համար պարզ է, որ նա երգիչ է՝ իր ընտրած ժանրին համապատասխան:
Ինձ դուր եկան Ռուսաստանի և Ուկրաինայի կատարումները, նաև Իսլանդիան:
Ջուս-Գոռի ելույթը ինչպես և միշտ շատ լավն էր. Նա Հայաստանի լավագույն ձայներից մեկն է, չէի կասկածում, որ մենք կանցնենք եզրափակիչ:
Չեմ կարող ասել, թե որ տեղը կզբաղեցնի Հայաստանը, քանի որ այն անկանխատեսելի մրցույթ է և բացի այդ՝ քաղաքական, եթե տասնյակում էլ լինենք՝ շատ լավ է, բայց ես ուզում եմ, որ մենք հնգյակում լինենք:
Շատ եմ հավանել Նորվեգիայի երգը. հիթային երգ է:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը