«SOCAR»-ի նորաբաց երկնաքերը դարձել է ադրբեջանցի ընդդիմադիրների քննադատության թիրախը
Ադրբեջանի պետական նավթային ընկերության («SOCAR») նորաբաց երկնաքերը քննարկման առարկա է դարձել ընդդիմադիրների շրջանում:
«Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ ընկերության նորաբաց շենքը սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի, նրա հարստության յուրացման և շռայլության վառ օրինակ է։
Ունենալով 8.2 միլիարդ դոլար արտաքին վարկերի պարտք՝ «SOCAR»-ը ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ, վերջին տարիներին աշխատանքից կրճատել է հազարավոր մարդկանց, իսկ ֆինանսական տարին ավարտել է` վնասներ կրելով (1 միլիարդ մանաթ)։
Քերիմլին նշում է նաև, որ վառելիքը սեփական ժողովրդին «SOCAR»-ը վաճառում է անհամեմատ բարձր գներով, կասկածելի ներդրումներ է կատարում Մոնտենեգրոյի հանգստավայրերի շինարարություններում (200 միլիոն եվրո, նախատեսվում է ներդնել ևս 300 միլիոն), իրականացնում է նաև այլ կոռուպցիոն գործողություններ։
Շռայլության և կոռուպցիայի բնական արդյունքում՝ «SOCAR»-ի կողմից կառուցվեց 335 միլիոն դոլար արժողությամբ նոր շենք:
Ալեն Ղուլյան, Ֆեյսբուք: