Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում. ՀՀ նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ խոսել է նաև Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման
«Հարգելի՛ գործընկերներ,
Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ:
Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից:
Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով:
Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը:
Շնորհակալություն ուշադրության համար»,-ասվում է նախագահի ելույթում: