Լեհաստանի ԱԳ նախարարը պատասխանել է հակահրթիռային համակարգերի տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, ըստ որի Մոսկվան ստիպված կլինի համապատասխան արձագանք տալ ԱՄՆ-ի կողմից Ռումինիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը, քանի որ դրանում պոտենցիալ սպառնալիք է տեսնում: Այս մասին հաղորդում է «RNS»-ը:
Վաշչիկովսկին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը կտեղակայվի Լեհաստանում, չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը:
«Նախագահ Պուտինին պետք է, որ լավ հայտնի լինի, որ Լեհաստանում հակահրթիռային համակարգերի տեղակայումը ոչ մի կապ չունի Ռուսաստանի անվտանգության հետ: Այդ համակարգերն անհրաժեշտ են միայն Մերձավոր Արևելքից եկող հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար»,- նշել է նա: