Մեկ ամիս առաջ այստեղ զանգերի ղողանջների փոխարեն արկերի ձայներ էին լսվում. Մարտակերտի համար 1 միջնակարգ դպրոցում հնչեց վերջին զանգը (լուսանկարներ)
Քառօրյա պատերազմից հետո Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում տոնական եռուզեռ է. դպրոցում հնչեց վերջին զանգը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ տեսած Մարտակերտում այսօր տոնական տրամադրություն էր. քաղաքի հանրակրթական դպրոցներում նշվեց Վերջին զանգը:
Այսօր՝ մայիսի 27-ին, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտների համար հնչեց դպրոցական Վերջին զանգը: Գեղեցիկ և յուրօրինակ զարդարված դպրոցն ու դասարանը տեսնելով, անգամ չէս էլ մտածում, որ մեկ ամիս առաջ այստեղ զանգերի ղողանջների փոխարեն արկերի ձայներ էին լսվում, և որ դպրոցը վնասվել է արկակոծությունից:
Դպրոցի 12-րդ դասարանների 42 աշակերտներից 37-ն իրենց Վերջին զանգը նշեցին հարազատ կրթօջախում:
Տոնական զարդարված դասարանում դասղեկներ Նունե Գասյանն ու Լյուդա Ավագիմյանն իրենց ձեռքերով կապեցին շրջանավարտների զանգերն ու ժապավենները՝ վերջին խրատներով ու բարեմաղթանքներով ուղեկցելով դեպի մեծ կյանք:
Բարի երթ ձեզ՝ սիրելի շրջանավարտներ:
Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ. Ֆեյսբուք