Միհրան Պողոսյանի շրջապատում անհանգստություն է տիրում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ու այդ պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած գեներալ Միհրան Պողոսյանի շրջապատում, ըստ լուրերի, անհանգստություն է տիրում։ Հզոր հովանավորի ազդեցության թուլացումից հետո շատերն իրենց անպաշտպան են զգում։
Միհրան Պողոսյանը բոլոր ընտրությունների ժամանակ եղել է Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում ՀՀԿ-ի համար ձայներ բերողը: Նրա ջանքերով ԱԺ պատգամավոր դարձավ Արթուր Ստեփանյանը՝ «Քեթրին» ընկերության տնօրենը։
Թե ինչ է անելու նա առաջիկա ընտրություններին, արդյոք նոր, ավելի «հզոր» տանի՞ք է որոնելու, որպեսզի կրկին անցնի խորհրդարան, թե՞ իր հովանավորի հետ փորձելու է վերականգնել նախկին կարգավիճակը, փորձեցինք պարզել պատգամավորից։
-Պարոն Ստեփանյան, Դուք քիչ առաջ կողմ քվեարկեցիք Ընտրական օրենսգրքին, որով անցում է կատարվում ամբողջովին համամասնական ընտրակարգին։ Դուք խորհրդարան եք անցել մեծամասնական ընտրակարգով, կասե՞ք, թե ինչու կողմ եղաք դրա վերացմանը։
-Ես իմ կարծիքը քվեարկությունով ցույց տվեցի։
-Փաստորեն, Դուք արդարացված չե՞ք համարում Ձեր՝ որպես մեծամասնականով ընտրված պատգամավորի ներկայությունը խորհրդարանում։
-Արդարացված եմ համարում, բայց հետագա զարգացման համար ճիշտ ուղղությունը դա է»:
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: