Հրաժեշտ դպրոցական նստարանին
Սիրելիˊ շրջանավարտ, այսօր, քո դպրոցական վերջին օրվա վերջին դասն է: Վաղը դու այլևս դպրոցական չես: Մտնելու ես մեծ աշխարհ, մեծ շրջապատ, ու, որ հանդիպելու ես տարբեր գույնի և տարբեր երանգի մարդկանց: Շփվելու ես՝ հասակ ես առնելու գիտուններից ու նվազելու ես անգետի հետ շփվելուց: Բայց, ով էլ որ դու լինես, ում հետ էլ հարաբերություններ ու կապեր հաստատես քո կյանքի մնացած ճանապարհին, միայն մի բան հիշիˊր` դու կոչված ես արարելու, և ոչ քանդելու, դո՛ւ պիտի շարունակես պապիդ ու հայրիկիդ կիսատը:
Դու ես, որ դառնալու ես քո երկրի տերն ու ապավենը: Ով էլ լինես՝ լինես պատանի, թե պարմանի միևնույնն է, քո երկրի միակ հույսն ու վստահությունն ես: Երբեք մի թող երկիրդ ու ապահովություն գտիր օտարի հողում: Այնտեղ հաստատ քեզ ոչ ոք չի սիրի՝ նույնիսկ հողը, որի վրա պիտի կանգնես: Քո երկրում ես դու ապահով ու վստահ, քո հողն է, որ քո կարիքն ունի, դու ես, որ պիտի ծառ տնկես ու տուն կառուցես, հայրենիքին զինվոր ու առյուծածին մայր պարգևես:
Սիրելիˊ շրջանավարտ, քեզ էլ երբեք նման տողեր չեմ գրելու: Միայն խնդրում եմ, թեկուզ ինքդ քո մեջ՝ երդվիˊր, որ հայրենիքիդ, ինչպես քո հարազատ ծնողին, երբեք մենակ, անօգնական ու հուսալքված չես թողնի:
Վաղվանից միասին ենք լինելու այս մեծ ու լայնարձակ աշխարհում:
Ուր էլ, որ լինես, ում հետ էլ, որ «գրոհի» գնաս, հիշիˊր. «Հայրենիքն է, որ վերցնում է առանց վերադարձնելու»: Տու՛ր նրան և ապրիˊր նրա մեջ ու նրա հետ, և դու կլինես աշխարհում այն հայրենատերը, ով երբեք հայրենազուրկ չի դառնա:
Ասածս պայմաններն անելուց հետո քեզ՝ բարի երթ, սիրելիˊ շրջանավարտ:
Քո նոր ընկեր՝ Արա Նախշքարյան:
Արա Նախշքարյան, Ֆեյսբուք: