«Եկ Արցախ» ֆլեշ մոբին մասնակցելով` հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին (տեսանյութ)
Արցախի Հանրապետության կառավարության մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Եկ Արցախ» ֆլեշմոբի մեկնարկի մասին և կոչ է արել հայությանն իր ակտիվ մասնակցությամբ բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերել Արցախին:
«Մի ֆլեշ մոբ ենք սկսում, որի շրջանակներում պետք է նկարահանվենք (կա՛մ տեսանյութով, կա՛մ լուսանկարով) Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանշի հետ և կոչ անենք մեր ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: Տվյալ տեսանյութը կամ լուսանկարը ֆեյսբուքում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն երեք ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելել Արցախ:
Գրառումը կատարելիս ցանկալի է օգտագործենք #ԵկԱրցախ հաշթագը (արցախյան բառբառով նշանակում է «Արի Արցախ»), նույնը կատարել Արցախ այցելելուց հետո, որպեսզի բոլորը համոզվեն, որ իրագործել եք Ձեր խոստումը:
Այս ֆլեշ մոբով և Արցախում արձակուրդ անցկացնելով` ողջ հայությունն իր բարոյական ու նյութական աջակցությունը կցուցաբերի Արցախին՝ հատկապես ադրբեջանական ագրեսիայից հետո»,- նշված է գրառման մեջ: