Ենթադրում եմ, որ ինձ վրա հարձակումը ծրագրված էր իմ հայ լինելու պատճառով. Կարո Փայլան
Արդարություն և Զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամների միջև Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած բախումների ժամանակ ամենավիճելի կետը ԺԴԿ-ի պատգամավոր Կարո Փայլանն էր: Այս մասին գրում է Bianet.org-ը, որը զրուցել է Փայլանի հետ:
ԱԶԿ-ի պատգամավոր Մեհմեթ Մեթիները մեղադրել էր Կարո Փայլանին պրովոկացիայի մեջ: Փայլանն այդ առիթով հայտնել է Bianet-ին, որ 10-15 մարդ փորձում էին խեղդել իրեն, իսկ հարձակումը նախապես ծրագրված էր, և սկսել է իր հայ լինելու պատճառով:
Փայլանն առաջ է քաշել հետևյալ հիմնավորումները:
«Ես միայն ասել եմ` ոչ, դա այդպես չէ, իսկ նրանք անմիջապես սկսեցին հարձակվել ինձ վրա»:
«Երբ Արդարադատության նախարարն ասաց, որ հանձնաժողովի նախորդ հանդիպմանը ԺԴԿ-ի պատգամավորները բռնություն են կիրառել, ես ասացի` ոչ, նրանք չեն կիրառել: Սա այն միակ նախադասությունն էր, որը ես հասցրի ասել: Նրանք հարձակվեցին ինձ վրա: Դուք դա կարող եք տեսնել նաև սոցիալական մեդիայում առկա տեսանյութերում: Նրանք ինձ մեղադրում են պրովոկացիայի համար, սակայն ես դա չեմ արել, ես պարզապես ասել եմ` ոչ, դա այդպես չէ»:
«Ինձ ոտքով և բռունցքներով հարվածել են մոտ 100 անգամ»
«Ակնհայտ է, որ նրանց թիրախը ես էի: Պատգամավորների մեծ մասը հարձակվել է ինձ վրա նախնական պլանի համաձայն: Ինձ վրա ուղղակի հարվածներ են տեղացել ոտքով և ձեռքով` 20-30 վայրկյանում մոտ 100 անգամ: Դրանից հետո նրանք ռասիստական և ատելություն քարոզող խոսքեր ասացին իմ հասցեին: Ես չեմ պատրաստվում բողոքել: Ինչ կարող է լինել, եթե ես գործը արդարադատությանը հանձնեմ: Ես դեպքի գնահատականները թողնում են հասարակության դատողությանը»:
«Որովհետև ես հայ եմ»
«Այնտեղ հնչած ռասիստական խոսքերն ուղղակիորեն ուղղված էին իմ հայկական ծագմանը: Նրանք տանել չեն կարողանում, որ հայկական ինքնությամբ մարդը բացահայտում է իրենց ստերը և կանգնում է հանուն ճշմարտության: Նրանք ցանկանում են հայերին որպես ենթակա տեսնել: Երբ ես ներս մտա, նրանց մեջ սկսեց խոսակցություն պտտվել, թե «Կարոն այստեղ է, Կարոն այստեղ է»: Սա բացատրում է ամեն ինչ: Այն, որ ԱԶԿ-ի անդամների ուղղակի թիրախը ես էի, ապացուցում է, որ դա ծրագրված գործողություն էր»: