Բռնագանձման հետևանքով մարդիկ չեն զրկվի իրենց բնակարաններից
«168 ժամ»-ը գրում է. «ՀՀ կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, որի նպատակը, ըստ հիմնավորման, պարտապանին հնարավորություն տալն է՝ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ առաջարկը լավն է։ Այժմ էլ օրենքը սահմանում է գույքի ցանկը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել։
«Սա ինչ-որ նոր ինստիտուտ չէ։ Օրենսդիրն ինքն է որոշում, թե որ գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել։ Մեծ հաշվով այս օրենքը կարելի Է համարել այդ ցանկի լայնացում»,- ասաց փաստաբանը նշելով, որ փայտը երկու ծայր ունի, բայց իր պրակտիկայից գիտի դեպքեր, երբ պարտավորությունների հետ կապված մարդիկ անտուն են մնացել։ «Առնվազն տունը պետք է լինի այն անձեռնմխելի գույքը, որից մարդը չզրկվի և փողոցում չհայտնվի»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ օրենքն առաջարկում է սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել միակ այն բնակարանի (այդ թվում բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից։
Եթե միակ բնակարանն իրացվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին։
Ըստ նախագծի՝ սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։