Ծխախոտը և առաջին անհրաժեշտության մի շարք իրեր թանկացել են. սպասվում են այլ թանկացումներ ևս
Թվում էր, թե ապրիլյան ծանր օրերը կնպաստեն նրան, որ մեր կառավարությունն ու այլ գերատեսչությունները սթափվեն: Ընդ որում, երբ այդ օրերը դեռևս շարունակվում են, քանի որ հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են արձանագրվել թե՛ ղարաբաղա-ադրբեջանական, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին:
Մայիս ամսվա մեկնարկը տրվեց բավականին յուրահատուկ՝ թանկացումներով: Մասնավորապես այսօր՝ մայիսի 2-ին, արձանագրվեցին մի շարք թանկացումներ՝ շինանյութի, ծխախոտի, և մի շարք այլ առաջին անհրաժեշտության իրերի շրջանում:
Ծխախոտի որոշ տեսակների թանկացումն իրականում բավականին մեծ զայրույթ է առաջացնում, քանի որ վաճառքը կարելի է ասել, որ հիմա, ավելի քան երբևէ՝ շատ է, քանի որ դրանք ուղարկվում են սահման՝ զինվորներին: Դրանց 20-30 դրամ թանկացումն արդեն բացասական երևույթ է:
Նախկինում 320 հազար դրամ արժողությամբ 1 տոննա ամրաններն արդեն կարելի է գնել ոչ պակաս քան 440 հազար դրամով: Սա աննախադեպ թանկացում է, որը գրանցվել է 1 օրում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մայիսի 1-ից, ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 29-ին կատարված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները (Օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ակցիզային հարկ սահմանել վառելիք օգտագործվող սեղմած գազի համար), ապա կարելի է ենթադրել, որ հաջորդիվ ևս կթանկանան մի շարք ապրանքներ, ինչպես նաև դիզվառելիքն ու բենզինը:
Թե ինչ է մտածում մեր կառավարությունն այս պարագայում՝ դժվար է ասել, քանի որ պատերազմական վիճակում գտնվող երկրի կառավարությունը պետք է փորձի գործել ի նպաստ իր ժողովրդի, ոչ թե իր շահերի:
Սթափվեք, պարոնա՛յք, ձեր ամեն մի թանկացում սահմանին կանգնած զինվորին հարված է մեջքից: