«Գործ տվող» գյուղապետը
Երեկ «Հրապարակ»-ին տեղեկություններ են հասել, որ ՀՀ գլխավոր դատախազությունում են գտնվում նաև Լոռու մարզի Այգեհատ գյուղի նախկին գյուղապետ Արշակ Շահվերդյանի յուրացումների մասին նյութեր: Այս հանցագործության մասին դատախազություն հաղորդում է տվել ներկա գյուղապետ Սամվել Շահվերդյանը: Մոտ տասն օր առաջ Շահվերդյանն իրավապահներին տեղյակ է պահել, որ իր նախորդը յուրացրել է մեկ շինություն, տնակներ և այլն:
Թե ինչու է որոշել վերջինիս հանձնել իրավապահներին, թերթը փորձել է մանրամասներ լսել այժմյան գյուղապետից: «Պակաս գույք կար, որը ես չեմ ցանկանում իմ վրա վերցնել: Չկա էդ ապրանքը, ես չեմ ուզում, որ մնա իմ վրա»,-ասել է Սամվել Շահվերդյանը: Հարցին, թե սովորաբար իրավահաջորդներն այդպես չեն վարվում նախորդների հետ, ինչո՞ւ որոշեց հարցը տեղափոխել իրավական հարթություն, ասել է, որ մինչև իր պաշտոն ստանձնելը, այսինքն, սեպտեմբերի ընտրություններից մինչև նոյեմբերը զգուշացրել է, որ իրեն պաշտոնը «մաքուր հանձնի», սակայն գյուղապետը հանձնել է չարաշահումներով:
«Ես էլ մի օր պետք ա մեկ ուրիշի հանձնեմ, չէ՞, նախօրոք մտածում եմ՝ կարող ա մի ընենց մարդ գա ու պահանջներ դնի: Դրա համար ես իրանց ասել էի, որ ընտրություններից հետո ժամանակ ուներ' երեք ամիս, կնիքն էլ իր մոտ էր, ասել էի մաքուր ընդունեմ, էդ մարդը ոչ մի քայլ չձեռնարկեց»: Իսկ հնարավո՞ր է նախկին ու ներկա գյուղապետերի միջև հակասություններն են ստիպել նրան դատախազությունով վրեժխնդիր լինել, հարցրինք մեր զրուցակցին: «Ես սենց ասեմ՝ երեք երեխա ունեմ, ես մտածում եմ իմ երեխաների մասին: Որ էդ գումարներն իմ վրա վերցնեմ, իմ երեխեքին ո՞վ պտի պահի»,-բացատրել է Սամվել Շահվերդյանը: