Նախկին օլիգարխը բացահայտ քծնում է իշխանություններին
«Սիլ կոնցերն»-ի սեփականատեր, նախկին ընդդիմադիր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ. նախկին պատգամավորը ջանք ու եռանդ չի խնայել իշխանություններին ջանալու համար. Երևանի ավագանու ընտրություններում թիվ 10 ընտրատարածքում՝ Կենտրոն վարչական շրջանում, ՀՀԿ-ի հաղթանակի գործում մեծ էր հենց Սուքիասյանի դերը:
Նախկին ընդդիմադիր օլիգարխն արդեն չի թաքցնում իշխանություններին բացահայտ շողոքորթելու իր փորձերը. այսօր էլ «Ազատություն» ռադիոկայանին տրված ասուլիսի ժամանակ օլիգարխը սկսում է գովք՝ առ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ սենսացիոն հայտարարություն անելով, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեփոխիչ է, իսկ թե ինչու մենք՝ հասարակ մահկանացուներս, չենք նկատում վարչապետի կատարած բարեփոխումները կամ էլ իր կառավարության ապահովված 7,2% տնտեսական աճը, որի մասին բարձրաձայնում է վարչապետը, Սուքիասյանը նշում է, թե ամեն ինչի մեղավորը քաղաքական համակարգն է, այն Տիգրան Սարգսյանի անձի հետ կապ չունի:
Պետք չէ երկար հետազոտություններ անցկացնել, որպեսզի պարզել, թե այս ամենն ինչին է միտված. Կառավարության նոր կազմը դեռ չհայտարարված օլիգարխն, ով այնքան էլ բարեհաճ չէ լրագրողների և հատկապես սուր հարցադրումների նկատմամբ, համաձայնում է ասուլիս տալ, քանի որ ասելիք ունի. նախկին պատգամավորն ուզում է «վերակենդանանալ» կամ էլ վերջինիս փորձում են «վերակենդանացնել»:
Թե ինչքանով է հաջողվել Սուքիասյանին բացել երկրորդ շնչառությունը, պարզ կլինի օրեր անց, երբ իշխող կուսակցությունը կգնահատի իր սրտացավ նվիրյալի ջանքերը՝ շնորհելով վերջինիս իրեն արժանի պաշտոն:
Արտակ Արզումանյան