Այսօր լրացավ 3 զինվորի կյանք փրկած փոխգնդապետ Արտակ Աղեկյանի մահվան 1 տարին (լուսանկարներ)
2015 թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել էին զինծառայողներ 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը և 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:
Փոխգնդապետ Արտակ Աղեկյանն իր կայնքի գնով փորձել է փրկել Հայկ Բարոյանի կյանքը, ինչը, ցավոք, նրան չի հաջողվել, սակայն, նա իր հերոսական քայլով կարողացել է փրկել 3 զինծառայողի կյանք:
Այսօր՝ փետրվարի 28-ին, լրացավ հերոս փոխգնդապետի մահվան 1-ին տարելիցը: Տաշիրում կայացել է Արտակ Աղեկյանին նվիրված բարձր մակարդակով կազմակերպված հուշ-ցերեկույթ, որին ներկա էին հարազատները, ընկերները, ծառայակիցները, բարձրաստիճան պաշտոնյաներ և պարզապես մարդիկ, ովքեր եկել էին հարգելու հերոսի հիշատակը:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Արտակ Աղեկյանի մայրը՝ Լուսինե Աղեկյանը, նշեց, որ Արտակն ընտանիքի առաջին զավակն է եղել, բոլորի կողմից սիրելի և հարգված: «Մենք բոլորս նրան շատ ենք սիրել ու հպարտացել նրանով: Նա ավարտեց դպրոցն ու ցանկություն հայտնեց զինվորական դառնալու, քանի որ շատ հայրենասեր էր: Նույնիսկ փոքր տարիքից նա մշտապես արտաբերում էր հայրենիք բառը: Նա սիրում էր իր գործը, հաճույքով էր ծառայում, չէր դժգոհում ոչնչից, ինչպես նաև սիրում էր իր ընտանիքին՝ իր կնոջն ու երեխաներին: Ես այսօր շատ հպարտ եմ, որ հերոս որդի ունեմ: Ես ցանկանում եմ, որ մայրերն ինչպես ճանապարհում են իրենց երեխաներին բանակ, այսպես էլ՝ հետ ընդունեն: Թող բոլորը ողջ ու առողջ վերադառնան տուն, թող լինի խաղաղություն: Իմ երկու որդիներն էլ ծառայել են: Ես արիություն եմ մաղթում բոլոր զինվորներին»,-ասաց Արտակի մայրը:
Լուսինե Աղեկյանի խոսքով՝ Արտակի երեխաները, որոնք 8 և 9 տարեկան են, այս մեկ տարվա ընթացքում չեն իմացել, որ իրենց հայրիկը զոհվել է, այսօր նոր իմացել են հոր մահվան մասին:
Նշենք նաև, որ Տաշիրի թիվ 2 դպրոցը այսօր անվանակոչվեց փոխգնդապետ Արտակ Աղեկյանի անունով և դպրոցի սրահներից մեկում բացվեց հրամանատարի փառքի սրահը:
Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր ժամանակների հերոսներին: