Նա հասարակ կատակերգու չէ, նրա խաղի մեջ կա փիլիսոփայություն
Այն, ինչ արեց Սերգեյ Դանիելյանը (ՅՈԺ-ը) Կամերայինում «Խանգարող հանգամանք» ներկայացման ժամանակ, կարելի է ժողովրդական լեզվով ասել՝ վերջն էր: Մեկ ժամից ավել բեմի վրա դրած մեկ աթոռի շուրջ մեն-մենակով սատիրային ոճով հաճելի լարվածության մեջ պահել մեզ' հանդիսատեսներիս, դա ամեն դերասանի բան չէ: Այստեղ հատկանշականն այն է, որ նա կատարում էր իր սեփական ստեղծագործությունը, որը հիրավի կարելի է համարել հաջողված: Այստեղ գլխավոր թեմայից բացի հինը արծարծվում էր նորի հետ: Առաջին հայացքից փոքր, ավանդական ցենզուրայից տարբերվող այս ներկայացումը լի էր խորիմաստ էլեմենտներով: Օրինակ՝ երբ հեղինակը անդրադարձավ արժեքների թեմային, նրա դերը կառուցված էր հետևյալ բովանդակության վրա. փորձեմ ներկայացնել իր բառերով'
Կուսությունն արժե՞ք է, թե՞ ոչ...: Օրինակ՝ ես այդ թեմային վերաբերվող տարբեր հաղորդումների ժամանակ «ախմախի» նման գնում էի և մասնակցում քննարկումներին՝ ինքս էլ չհասկանալով, թե ում են պետք այդ անիմաստ քննարկումները: Այ հիմա մի դեպք պատմեմ, որը իմ համար իսկապես արժեք է'Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ պաշտոնական տվյալներով մահացել էր 25000 մարդ, ոչ մի երեխա այդպես էլ չհայտնվեց որբատներում, քանզի հարևանները, ծանոթները, անծանոթները որդեգրեցին առանց ծնողների մնացած երեխաներին, և այդ երեխաներից շատերը մինչև հիմա չգիտեն էլ, որ այդ մարդիկ իրենց ծնողները չեն:
Եվ հենց այստեղ նա այնպես հրաշալի խաղաց այդ դրվագը, որ ես հասկացա՝ նա հասարակ կատակերգու չէ, նրա խաղի մեջ կա փիլիսոփայություն, որը յուրահատուկ է տաղանդավոր դերասաններին:
Կարեն Թումանյանի ֆեյսբուքյան էջից: