Եվրոպան թաղում է «Հյուսիսային հոսք-2»-ը
Ռուսական «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ արդեն հանդես է եկել 9 երկիր, ընդ որում նախագծի հակառակորդներին միացել է նույնիսկ Չեխիան, որը «Հյուսիսային հոսք-2»-ին ուղղակի օգուտներ կբերեր։ Չի բացառվում, որ եվրոպացիները հույսը դրել են «Թուրքական հոսք»-ի վրա, որի իրականացումը ևս վտանգի տակ է։ Սակայն փորձագետները ենթադրում են, որ ԵՄ-ն հույս ունի պահպանել տարանցումը Ուկրաինայի տարածքով։
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ ստացել է մի շարք եվրոպական պետությունների կողմից իրեն ուղղված նամակը, որում հեղինակները ընդգծում էին, որ «Հյուսիսային հոսք-2»-ը չի համապատասխանում Եվրոպական Միության շահերին և սրում է դրությունը Ուկրաինայում։
Ըստ «The Financial Times»-ի, դիմումի նախաձեռնողներն են եղել Սլովակիան և Լեհաստանը։ Դիմումին իրենց հավանությունն են տվել Չեխիան, Հունգարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Հունաստանը։ Բուլղարիան հետ է վերցրել իր ստորագրությունը։
Ըստ նախաձեռնողների, «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացումը Եվրամիությանը գազային կախվածության մեջ կդնի Ռուսաստանից, այն դեպքում, երբ ԵՄ-ի էներգետիկ քաղաքականությունը նախատեսում է էներգակիրների դիվերսիֆիկացիա։ Ռուսաստանը նաև կարող է օգտագործել գազամուղը որպես ճնշման լծակ ԵՄ-ի և նրա հարևանների վրա։
«Հյուսիսային հոսք-2»-ը երկճյուղանի գազամուղ է 55 միլիարդ խորանարդ հզորությամբ։ Նախատեսվում է, որ այն պետք է անցնի Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիայի ափերը։ Խողովակը անցնելու է արդեն իսկ գործող «Հյուսիսային հոսք»-ին զուգահեռ։ «Հյուսիսային հոսք-2»-ի հիմնական գաղափարն է հրաժարվել Ուկրաինան որպես դեպի Եվրոպա գազի մատակարարման տրանզիտ երկիր օգտագործելուց, որին Ռուսաստանը ձգտում է հասնել 2020 թ-ին։