«Այո»-ից առաջ մտածեք, թե ինչ ենք կորցնում
Հարգելի բարեկամներ, «Այո»-ից առաջ մտածեք, թե ինչ ենք կորցնում:
Համեմատենք «անմեղության կանխավարկածի»-ի շարադրանքը:
2005 թ. Սահմանադրության հ. 21-ը հետևյալն է.
«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:
Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:
Ամեն ոք հասկանում է այս դրույթների կարևորությունը մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար:
Ի՞նչ է առաջարկվում փոխարենը փոփոխությունների նախագծի հ. 66-ով:
«Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Եվ՝ վերջ: Վերջին երկու դրույթը չկա: Իրավական մտքի դարավոր այն նվաճումը, թե մարդուն չի կարելի հարկադրել ապացուցելու սեփական անմեղությունը, այս՝ «մարդակենտրոն» հորջորվող նախագծում չկա:
Տրվում է բացատրություն (սահմանադրագետ Վ. Պողոսյան), թե դա ավելի մանրամասն պիտի օրենքով արվի:
Բայց սա ի՞նչ է նշանակում: Դու միտումնավոր հանում ես բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթղթից երկու կարևորագույն դրույթ, այսինքն՝ թուլացնում ես մարդու պաշտպանվածությունը: Այս փոփոխությամբ դատարաններում ավելի է սաստկանալու մեղադրականի միակողմանիությունը: «Չփարատված կասկածներ» (այսինքն՝ 50/50) առհասարակ այլևս չեն լինի (դատախազը պարզապես «չի տեսնի» դրանք):
Վալերի Միրզոյան, Ֆեյսբուք։