«Անելիք» բանկի 32-ամյա աշխատակցի սպանության պատճառները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց 14 շենքի մոտ հրազենից կրակել էին «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ 32-ամյա Հովհաննես Աթանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր: «Ժողովուրդ»-ին տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե ինչ խնդիր է ունեցել Մկրտիչ Պողոսյանը «Անելիք բանկի» հետ և ինչու է սպանվել: Տեղեկացանք, որ 2011 թվականին «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Մկրտիչ Պողոսյանին և Մարինե Մաթևոսյանին Աշտարակ համայնքի Սևակի թիվ 4 տնից վտարեն: Հայցվորը դիմելով դատարան՝ հայտնել է, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ին 2009 թվականին տվել է վարկ՝ 21 միլիոն 351 հազար դրամի չափով: Գործարքի դիմաց գրավադրվել է «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Պողոսյանի` Աշտարակ քաղաքի Սևակի թիվ 4 տունը: Դատարանում բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ թեև իրենք նախկին սեփականատիրոջը բանավոր առաջարկությամբ տվել են ժամանակ՝ գույքը ետ գնելու կամ գնորդ գտնելու համար, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից: Բանկը կրկին անգամ առաջարկել է ազատել զբաղեցրած բնակարանը և հանձնել իրեն, ինչը նրա կողմից չի կատարվել: Եվ ,ահա, նկատի ունենալով, որ վերոհիշյալ բնակարանում հաշվառված է նաեւ Մարինե Մաթեւոսյանը, բանկը դատարանից պահանջել է՝ վերջինիս ևս վտարեն բնակարանից:
Սակայն, երբ դատարանը այս գործով անցնող Մարինե Մաթևոսյանին ծանուցագիր է ներկայացրել, որպեսզի նա եւս ներկայանա դատական նիստերին, ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել է, քանի որ Մարինե Մաթևոսյանը «տունը վաճառել եւ տեղափոխվել» է նշված հասցեից: Ստացվում է, որ բանկին պատկանող տունը ևս վաճառվել է, սակայն այդ հանգամանքը ամենևին չի հետաքրքրել բանկին, քանի որ նա նախկին սեփականատիրոջ հետ ունեցել է վարկային պայմանագիր, և բնակարանի նոր սեփականատերերը պետք է լքեն այն»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: