Ինչպես ամեն ինչ, քաղաքականությունը ևս սիրում է փոխադարձություն
Չեմ հասկացել երբեք այն մարդկանց, ովքեր, հեռանալով իրենց հայկական արմատներից, սկսել են ավելի շատ մտածել այլ երկրների հաջողությունների մասին, քան Հայաստանի, և շատ ժամանակ ստորադասել են ՀՀ շահերը այլ պետության շահերին, որոնց երկրպագուն հանդիսանում են:
Խորհուրդ ուղղակի այդ մարդկանց` եղեք ավելի պետականամետ և ավելի հայակենտրոն:
Երկու օր է արդեն հանդիպում եմ բազմաթիվ կարծիքների, թե ինչու Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում ռուսական կործանիչի խոցման դեպքին, և ինչու է հայտարարությունը ուշանում:
Ցանկություն ունեմ հիշեցնելու այդ մարդկանց. երբ ուղիղ մեկ տարի առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցվեց վարժանք կատարող հայկական ուղղաթիռը և զոհվեցին երեք երիտասարդ հայ զինծառայողներ, ինչո՞ւ այդ ժամանակ հենց այդ մարդիկ չէին մեղադրում ռուսական կողմին, որ պատշաճ և ժամանակին չի արձագանքում: Ինչո՞ւ չեղան այդ ջղաձգումները այդ մարդկանց կողմից:
Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրը պետք է անմիջապես հանդես գար հայտարարությամբ և դատապարտեր Ադրբեջանին: Բայց ոչ, հայտարարությունը եղավ բավական ուշ՝ երկու օր անց, և իր մեջ պարունակում էր կոչ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զերծ մնան իրավիճակի սրումից: Այնինչ Ռուսաստանի հայտարարությունը պետք է ունենար կոնկրետ հասցեատեր` ի դեմս Ադրբեջանի, որը հերթական անգամ հանցավոր ակտ էր իրականացրել սահմանին:
Ինչպես ամեն ինչ, քաղաքականությունը ևս սիրում է փոխադարձություն:
Հայոց Տուն, Ֆեյսբուք: